Մի մարդ մի աղջիկ ուներ: Այս աղջիկը մի հիվանդություն ուներ, ամեն օր մեկ բարձ էր կարում, եթե չկարեր, այդ օրը օր չէր լինի: Նա կարում էր բարձերն ու շարում տանիքում: Եվ չէր թողնում, որ ծնողները դրանք վաճառեն: Երբ մարդիկ հարցնում էին, նա պատասխանում էր, որ դրանք վաճառքի համար չեն: Թռչունները գալիս էին, թառում բարձերին, բարձերի վրա ձագեր էին հանում, կերակրում, թռչել սովորեցնում և չվում այլ երկրներ: Ամեն գարուն նորերն էին գալիս, հետո կրկին հեռանում և հեքիաթային բարձերի պատմությունը պատմում էին աշխարհով մեկ: Տանիքին, անձրևի ու քամու, արևի տակ՝ բարձերը չէին փչանում. նրանք ավելի էին գեղեցկանում, արևի ճառագայթներից փայլ էին ստանում և փափո՜ւկ-փափուկ էին:
Լուրը հասավ հեռավոր երկրի թագավորի աղջկան: Աղջիկը պահանջեց, որ գտնեն այդ երկիրն ու այդ բարձերի տիրոջը ու դրացից մեկն անպայման իրեն բերեն:
Վեզիրը ճանապարհ ընկավ: Ճանապարհին հոգնեց ու քնեց մի ծառի տակ, թռչունները, որ նստած էին ծառի ճյուղին, սկսեցին խոսել.
– Այս մարդը փնտրում է այն աղջկա տունը, ուր մենք գնում ենք, եթե հետևի մեզ, ապա ավելի արագ կգտնի տունը, որը փնտրում է:
Թռչունները կտցահարեցին քնած վեզիրին, բայց նա ոչինչ չհասկացավ: Բարկացավ թռչունների վրա, վեր կացավ ու շարունակեց ճանապարհը: Երկար հարցուփորձից հետո գտավ քաղաքը, որտեղ ապրում էր աղջիկը: Դեռ հեռվից երևում էր լուսարձակող տունը: Վեզիրը մոտեցավ տանը, բարևեց հորը, մորը, աղջկան և ապա խնդրեց.
– Թագավորի աղջիկը լսել է ձեր կախարդական բարձերի մասին և հրամայել է, որ դրանցից մեկն իր համար գնեմ: Դու չքնաղ ու գեղեցիկ ես,- շարունակեց վեզիրը,- եթե չվաճառես բարձերից մեկը, ապա թագավորի աղջիկն ինձ կզրկի կյանքից: Խղճա ինձ,- խնդրեց վեզիրը:
Աղջիկը խղճաց նրան, թե ուղղակի իր համար միևնույնն էր, թե բարձերից քանիսը կպակասեն՝ ասաց.
– Բարձրացի՛ր տանիք, ընտրիր որը կցանկանաս և տար քեզ հետ: Վճարել հարկավոր չէ:
Վեզիրը դռան մոտ կանգնած հոր ձեռքերում մի քսակ ոսկի թողեց և բարձրացավ տանիք: Մոտեցավ իր ընտրած բարձին, բռնեց այն, որ բարձրացնի, բայց նույն պահին բարձը թռչուն դարձավ, թռավ ու հեռացավ: Վեզիրը գրկեց մյուս բարձը, բայց կրկնվեց նույնը, այս բարձն էլ թռչուն դարձավ ու թևին տալով հեռացավ: Խեղճ վեզիրը որ բարձին մոտենում էր, այն թռչուն էր դառնում ու հեռանում տանիքից: Շուտով բոլոր թռչունները պտտվում էին տան վերևում: Նրանք երամ դարձած հեռացան՝ թողնելով վեզիրին ձեռնունայն:
Վեզիրն իր երկիր վերադարձավ դատարկաձեռն: Թագավորի աղջիկը հրամայեց պատժել վեզիրին: Երեկոյան, երբ հուսահատ վեզիրն այդ մասին պատմեց որդուն ու կնոջը, որդին ասաց.
– Հա՛յր, ես կգնա՛մ և կբերեմ այդ հրաշք բարձերից մեկը:
Ինչ ասեմ, որքան հայրը համոզեց որդուն, որ չանի այդպիսի բան, որդին չհամաձայնեց: Առավոտյան հոր հետ գնաց պալատ, խոնարհվեց արքայադստեր առջև ու ասաց.
– Ձերդ մեծություն, հորս կյանքն իրեն տվեք, և ես կբերեմ ձեր խնդրանքը: Երբ դատարկաձեռն կգամ՝ քեզ լինի և՛ հորս, և՛ իմ կյանքը:
Թագավորի աղջիկը համաձայնեց տղայի հետ: Իմաստունները նրան բացատրեցին, որ ավելի լավ է սպասել, քան զրկվել և՛ վեզիրից, և՛ ցանկացածից:
Երիտասարդը ճանապարհ ընկավ: Ճանապարհին հոգնած քնեց ծառի տակ: Ծառի ճյուղին նստած թռչունները սկսեցին խոսել.
– Այս երիտասարդը գնում է բարձ բերի իր թագավորի աղջկա համար: Այդ բարձերը լցված են աղջկա երազանքներով, և միայն նա կկարողանա դրանք վերցնել, ով կսիրի աղջկան, ով իր սերը կտա երազանքների փոխարեն: Բարձերը կդառնան իրական, և նա կկարողանա տանել թագավորի աղջկա համար: Եթե այս երիտասարդը հետևի մեզ, ապա արագ կգտնի աղջկա տունը:
Իսկ այդ նույն պահին երիտասարդը քնի մեջ լսում էր թռչունների խոսակցությունն ու մտածում, որ ինքն անպայման պետք է փրկի իր հոր կյանքը:
Երիտասարդը արթնացավ, նայեց ծառի ճյուղերին, տեսավ այն երկու թռչուններին, որոնք խոսում էին, և հասկացավ, որ իր տեսածը երազ չէր: Սպասեց այնքան, մինչև թռչունները հանգստացան և թռան: Ճանապարհին էլ հաց ու ցորեն լցրեց, որ նրանք երբեմն- երբեմն ուտեն և իրենից շատ չհեռանան: Այդպես միասին հասան այն քաղաքը, որտեղ ապրում էր աղջիկը: Դեռ հեռվից երևում էր տների մեջ ցոլցլացող տունը: Այն ասես հրդեհի մեջ լիներ: Տանիքը փայլատակում էր արևի ճառագայթներից ու սեփական ճառագայթներով միանում երկնքին: Երիտասարդը մոտեցավ լույսերի մեջ ողողված տանը: Տանիքը շողշողում էր ու լուսավորում շրջապատը: Թռչունները թռան ու նստեցին բարձերին: Նրանք արդեն իրենց համար բույն էին ընտրում: Երիտասարդն անզուսպ հիացմունքով բարձրացավ տանիք ու գրկեց բարձերից մեկը: Բարձը կորցրեց փայլն ու իրական դարձավ: Նա գրկեց մյուսը, այն նույնպես կորցրեց փայլն ու իրական դարձավ: Թռչունները խառնվեցին իրար, նրանք ճռվողելով պտտվեցին տանիքի շուրջ, և այդ աղմուկից աղջիկը դուրս եկավ տանից: Լույսի փայլն աչքերում և հոգում, նա այնքան չքնաղ էր, որ երիտասարդը ցած դրեց բարձն ու մոտեցավ աղջկան:
– Դու կամուսնանա՞ս ինձ հետ,- ասաց աղջկան:
Աղջիկը ժպտաց: Դրանից նրա աչքերի ցոլանքն ավելի շատացավ, իսկ ժպիտը հմայեց երիտասարդին:
– Ես այս իրերից մեկը պետք է տանեմ իմ թագավորի աղջկա համար, պետք է փրկեմ հորս կյանքը, հետո կվերադառնամ քո հետևից, դու համաձա՞յն ես:
Աղջիկը կրկին ժպտաց ու լուռ խոնարհվեց:
– Կարող ես բոլորը տանել:
Կարծում եմ, որ արդեն հեքիաթն ավարտվեց: Երիտասարդն այդ բարձերից մի քանիսը տարավ իր թագավորի աղջկա համար: Իհարկե մի մասն էլ մնաց թռչունների համար, չէ՞ որ նրանց ձագուկներն իրենց լավ էին զգում այդտեղ:
Արքայադուստրը երջանիկ էր, աշխարհում ոչ ոք չուներ նման փափուկ ու փայլկտացող բարձեր: Տղան իր հոր հետ վերադարձավ աղջկա մոտ: Ամուսնացավ աղջկա հետ, և նրանք այնքան երջանիկ էին, որ դարձել էին արևալույս:
1․Ուշադիր կարդա հեքիաթը, դուրս գրիր քեզ անծանոթ բառերը և բացատրիր բառարանի օգնությամբ։
2․Գրի՛ր բաց թողնված տառերը։
Երիտաս․․․րդ
բ․․․րձ
թա․․․ավոր
ա․․․ջիկ
տ․․․ն
մա․․․ր
պա․․․ատ
3․Կարդա՛ հեքիաթը և նշի՛ր վերջակետները
Երիտասարդը արթնացավ, նայեց ծառի ճյուղերին, տեսավ այն երկու թռչուններին, որոնք խոսում էին, և հասկացավ, որ իր տեսածը երազ չէր սպասեց այնքան, մինչև թռչունները հանգստացան և թռան ճանապարհին էլ հաց ու ցորեն լցրեց, որ նրանք երբեմն- երբեմն ուտեն և իրենից շատ չհեռանան այդպես միասին հասան այն քաղաքը, որտեղ ապրում էր աղջիկը
4․Գրի՛ր տրված բառերի հականիշները։
աղջիկ-
չոր-
սպիտակ-
արև-
տաք-
մայր-
սև-
արագ-
առողջ-
կատու-
մութ-
առավոտ-
հանգիստ-
հետաքրքիր-
5․Գրի՛ր քո տպավորությունը հեքիաթի վերաբրյալ։
6․ Նկարիր քեզ համար ամենատպավորիչ մասը։